Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Մալայանների տոհմի 7-րդ ակնաբույժը

21 նոյեմբերի 2017 | Իմ մասին | Цитата
 

Երբ բժշկուհին ձեռքն է վերցնում երբեմն անզեն աչքով դժվար երեւացող գործիքները, հիվանդի համար փոխվում է ամեն ինչ: Հանրապետության ամենահաջողած ակնաբույժներից մեկը՝ Ելենա Մալայանը, խոստովանում է. արժե օրվա մեծ մասն անցկացնել վիրահատարանում, միայն տեսնելու համար, թե ինչպես է փոխվում աշխարհը նորից տեսնող մարդու հայացքը: Նրա շնորհիվ արդեն վերականգնվել է բազմաթիվ մարդկանց աչքի լույսը, կատարվել են նորագույն մեթոդներով վիրահատություններ, ակնաբուժության մեջ ամենաբարդերից համարվող եղջերաթաղանթի փոխպատվաստումներ:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել՝ սերը հիվանդի հանդեպ: Սա ամենակարեւոր «գործիքն» է բոլոր վիրահատությունների ժամանակ:

- Մարդիկ տարբեր են, ու բոլորին օգնելու համար պահանջվում է համբերատարություն, շատ համբերատարություն: Ոչ համբերատար մարդը բժիշկ լինել չի կարող: Կյանքում ամեն ինչ պետք է սիրով անել, իսկ բժշկությունը հատկապես պահանջում է շատ մեծ նվիրվածություն եւ սեր: Առանց դրանց ոչինչ չի ստացվի: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն եթե մարդկային վերաբերմունք հիվանդը չտեսնի՝ չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ կապը: Սա պարզապես մարդկային տեսակի հարց է:

Ինչպես դարձավ հենց ակնաբո՞ւյժ… Ելենա Մալայանն ասում է՝ ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց, կարծես այլ կերպ չէր էլ կարող լինել: Նա Մալայանների բժշկական տոհմի 7-րդ ակնաբույժն է: Թիֆլիսում հայտնի պրոֆեսոր Արտաշես Մալաեւից, Հայաստանում ակնաբուժության հիմնադիր Սերգեյ Մալայանից ու հանրապետության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանից հետո նա 4-րդ սերունդն է: Ելենա Մալայանից հետո 8-րդ ակնաբույժը կլինի նրա դուստրը՝ Նանա Նահապետյանը: Թեեւ օրդինատոր է, սակայն արդեն հասկացել է՝ ակնաբուժությունը իր էության մի մասն է:

- Հիշում եմ, որ տանը ունեինք մեծ գրադարան, որը մեզ մնացել էր դեռեւս պապիկիս հորեղբայր Արտաշես Մալաեւից: Նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ես ոչինչ չէի հասկանում բժշկությունից, շատ սիրում էի ուղղակի թերթել այդ գրքերը: Քույրս՝ Զառան, անցնում էր իմ բացած գրքերի կողքով, որոնց էջերին պատկերված էին վիրահատություններ, եւ սարսափով հետ էր քաշվում, չէր պատկերացնում, թե ինչպես կարելի է դրանք դիտել: Իսկ ես սիրում էի: Ինքնըստինքյան ստացվեց իմ ակնաբույժ դառնալը, եւ չեմ փոշմանել: Հայրս ու մայրս բժիշկներ լինելով՝ ինձ չեն պարտադրել: Ես ինքս հասկացա, որ ակնաբուժությունն իմն է: Նույն ձեւով էլ՝ աղջկաս չեմ ուղղորդել: Իհարկե, համոզված եմ, որ նրա ընտրությունը պայմանավորված է նաեւ պապիկի եւ իմ գործոններով: Հույս ունեմ, որ նա լավ մասնագետ է լինելու:

Օրվա մեջ մի քանի վիրահատություններ, բժշկական նոր մեթոդների կիրառում, որոնք եզակի են նույնիսկ տարածաշրջանում. այսպիսին է մասնագիտական առօրյան: Սակայն բժշկուհին վստահ է՝ ամբողջ կյանքում պետք է ձգտել համընթաց քայլել բժշկական աշխարհի նորությունների հետ: Այս լարված օրվա մեջ ինչպե՞ս է հասցնում ընտանիքին ժամանակ տրամադրել՝ խոստովանում է՝ դժվար է:

- Իհարկե, ընտանիքը երբեմն տուժում է, հատկապես այն ժամանակ, երբ երեխան փոքր է ու անհրաժեշտ է նրանով շատ զբաղվել, հետո տան գործերը հասցնել, կերակրել ընտանիքի անդամներին: Ինչպե՞ս է դա ինձ մոտ ստացվել, ավելի լավ է՝ հարազատներս ասեն, սակայն, ամեն դեպքում, փորձել եմ: Նաեւ ամեն ինչ արել եմ, որ տան խնդիրները չբերեմ հիվանդանոց ու հակառակը: Ցավոք, դա ոչ միշտ է ստացվում:

Քանի՞վիրահատություն է այս տարիների ընթացքում կատարել՝ բժշկուհին նույնիսկ չի հիշում. շատ-շատ են: Սակայն առաջին վիրահատությունը երբեք չի մոռանում, թեեւ դա ամենաբարդերից չէր:3

- Հիշում եմ, այն էլ ինչպես եմ հիշում: Գիտեք, վիրաբուժությունը յուրաքանչյուր բժշկի համար հետաքրքիր զարգացում է ապրում: Երբ նայում ես մեծերի վիրահատելու ընթացքին ու մտքումդ ասում ես՝ հեշտ է, ուրեմն դու տեսել ես պրոֆեսիոնալ բժշկի վիրահատություն: Այսպես էր նաեւ իմ դեպքում, որովհետև սկսում էի հայրիկիս հետ: Առաջին վիրահատությունները որպես օրենք հեշտ են անցնում, մինչեւ չի գալիս առաջին բարդությունը: Հենց այդտեղ է, որ սթափվում ես, եւ կարեւոր է, որ այդ պահին բժիշկը վերլուծի, թե ինչ կատարվեց: Արդյոք կա՞ր իր կամ բուժանձնակազմի մեղքը, թե՞ այլ խնդիր էր, որը կարող է լինել ցանկացած վիրահատության ընթացքում: Իրականում նույնիսկ ամենահեշտ վիրահատությունը կարող է բարդանալ ու հակառակը, ամենաբարդը՝ անցնել շատ հեշտ: Ես շատ կարեւորում եմ, որ ցանկացած վիրահատության ընթացքում եւ հետո բժիշկը ճիշտ վերլուծի իր աշխատանքը:

Նրա պապի՝ Սերգեյ Մալայանի անունը կրող բուժհաստատությունում հիմա ընտանիքի մի քանի անդամ է աշխատում: Անկեղծանում է՝ աշխատանքն այնքան շատ է, որ օրեր շարունակ կարող է միայն գործնական հարցերով մտնել բուժհաստատության տնօրեն հոր ու փոխտնօրեն քրոջ աշխատասենյակներ: Իսկ կապն այս հիվանդանոցի հետ սկսվել է վաղ մանկությունից:

- Երբ դեռ փոքր էինք, լինում էին դեպքեր, երբ խնջույքներին կամ ծննդյան օրերին հայրս հերթապահում էր, կամ շտապ դեպքով կանչում էին հիվանդանոց: Այդ ժամանակ մենք ամբողջ ընտանիքով գալիս-սպասում էինք՝ մինչեւ հայրիկը վիրահատությունն ավարտի: Այս հիվանդանոցը ինձ շատ հարազատ է նաեւ այն պատճառով, որ պապիկս է հիմնադրել: Այն կարծես թե ընտանիքի անդամ, զավակ լինի, այդպես եմ վերաբերում այս հաստատությանը:

Ելենա Մալայանի ղեկավարած էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքում կատարվում են վիրահատություններ, որոնք ամբողջությամբ են փոխում մարդու տեսնելու հնարավորությունները: Ակնոցով կամ չտեսնող աչքով հիվանդանոց ներս մտնող ու առանց ակնոցի այստեղից դուրս եկող հիվանդներին տեսնելու հաճույքն աշխարհում ոչ մի զգացոության հետ համեմատել հնարավոր չէ, ասում է բժիշկը:

- Մեր հիվանդներն ասում են՝ թող մի ձեռքս չլինի, բայց աչքի լույս ունենամ: Դա գուցե սուբյեկտիվ է, սակայն աչքի լույսը, իհարկե, շատ կարեւոր է: Մենք աշխարհը 90 տոկոսով ընկալում ենք տեսողությամբ: Երբ գալիս են կույր երիտասարդներ, թվում է՝ ծեր են, կորցրած հայացքով: Երբ վիրահատում ես ու տեսողությունը վերականգվնում է, միանգամից փոխվում է հայացքը, մեջքը ձգվում է: Առողջ աչքերով մարդը դա չի կարող պատկերացնել: Ու այդ ամենը տեսնելը ոչ թե պարզապես հաճելի է, այլ գերագույն հաճույք է, քանի որ տեսնում ես մարդու ուրախությունը, նրա երախտապարտ հայացքը եւ, իհարկե, մասնագիտական վստահություն ես ձեռք բերում:

Ելենա Մալայանը պարգևատրվել է Հայաստանում ռեֆրակցիոն վիրաբուժության ոլորտում ունեցած ավանդի համար: 2010թ.-ին նա առաջին անգամ Հայաստանում էքսիմեր լազերի /LASIK / միջոցով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկում է իրականացրել:4

- Յուրաքանչյուր կայացած բժիշկ պետք է իր հետեւից սերունդ թողնի, դա կոչվում է դպրոց: Դու հավերժ չես, սակայն եթե հետեւիցդ կան մարդիկ, որոնց դու կրթել ես, ուրեմն կա շարունակություն: Որովհետեւ առանց այդ շարունակության հնարավոր չէ: Եթե պապիկս կամ հայրս չհիմնեին այդ դպրոցը, չթողնեին արժանի հետեւորդներ, հիմա հիվանդանոցը կդատարկվեր, Հայաստանի ակնաբուժությունը չէր լինի այն մակարդակին, ինչի վրա կանգնած է այսօր:

Հետաքրքիր զրույցը մենք ստիպված էինք բաժանվել. բժշկուհին շտապում էր հերթական վիրահատության։



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting