Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Հարցազրույց Ե. Ա. Մալայանի հետ՝ աստիգմատիզմ, կարճատեսություն և հեռատեսություն թեմաներով

27 հոկտեմբերի 2014 | Լազերային վիրաբուժություն | Цитата

Լազերային շտկման նորագույն մեթոդի՝ Femto-LASIK-ի կիրառման շնորհիվ՝ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ վիրահատություններ են իրականացվում:

Ակնաբուժական կենտրոնում վերջերս ներդրված լազերային սարքի հնարավորությունների մասին զրուցեցինք ակնաբույժ, նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի հետ:

- Նորագույն լազերը հատկապես ինչո՞վ է առանձնանում:

- Առաջինն ու ամենակարևորն այն է, որ էքսիմեր-լազերային վիրահատությունները, որոնք մինչ այս նույնպես կատարվում էին, նոր սարքի շնորհիվ ավելի ապահով, ճշգրիտ և արագ են դարձել: Այս սարքը թույլ է տալիս միջամտություն կատարել վիրահատության համար անցանկալի համարվող աչքում: Մասնավորապես, խոսքը եղջերաթաղանթի անատոմիական կառուցվածքի և բարձր կարճատեսության մասին է: Այդ դեպքերում նախկինում ստիպված էինք մերժել պացիենտին: Օրինակ՝ բարակ եղջերաթաղանթի դեպքում բարձր կարճատեսությունը վիրահատելը դառնում էր ապագայի համար վտանգավոր: Այս սարքը չեզոքացնում է նման վտանգները:

Femto-վայրկյանային լազեր
FS-200 WaveLight

- Ինչքա՞ն ժամանակ է, որ նման վիրահատություններ եք իրականացնում և ի՞նչ արձագանքներ ունեք:

- Մոտ երկու ամիս է, ինչ վիրահատում ենք այս սարքի օգնությամբ, իսկ առհասարակ լազերային վիրահատություններն իրականացնում ենք 2006 թվականից: Երկու տարբերակում էլ հետվիրահատական շրջանը նույն կերպ է ընթանում, նորը բացառիկ է բժշկական առումով, նաև՝ ապագայում ռիսկերի կանխարգելման:

- Ո՞ր խնդիրների դեպքում է կիրառվում սարքը:

- Լազերային շտկում կատարվում է կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի դեպքում: Առաջիկայում նոր սարքը մեզ թույլ կտա կատարել վիրահատություն նաև կերատոկոնուսի դեպքում: Այն հին ազգերին բնորոշ հիվանդություն է և բավականին շատ տարածված խնդիր է Հայաստանում: Այդ ախտորոշումն ունեցող հիվանդներին արգելված էր կատարել լազերային վիրահատություն, նոր սարքի շնորհիվ՝ արդեն հնարավոր է:

 - Լազերային վիրահատություններն ակնաբուժության մեջ գնահատվեցին որպես «նոր դարաշրջան»: Այս ոլորտում ի՞նչ դիրքերում է Հայաստանը:

- Ո'չ միայն լազերային վիրահատությունների, այլև առհասարակ ակնաբուժության ոլորտում Հայաստանը ոչնչով հետ չի մնում միջազգային զարգացումներից: Այսօր չկա ընդունված որևէ վիրահատություն, որը մեզ մոտ հնարավոր չլինի կատարել… Լազերային ճյուղը, ինչպես նկատեցիք, շատ մեծ տեմպերով է զարգանում: Այն շատ ճշգրիտ վիրահատություն է, երևի թե միակ վիրահատությունն է, որի դեպքում կարող ենք ստույգ ասել՝ հիվանդն ինչ տեսողություն կունենա վիրահատությունից հետո: Ավելացնեմ նաև,որ լազերային վիրահատության ընթացքում զրոյացված են բարդությունները: Մի շարք առավելությունների շնորհիվ այն մեծ արձագանք ունի ողջ աշխարհում: Վիրահատվողների թիվը Հայաստանում մեծանում է օրեցօր: Շատ-շատերն են ուզում ազատվել ակնոց կրելուց:


Տոպոգրաֆ Ollegro Oculayzer

Ռեֆրեկտոկերատոմետր TOMEY

Տոպոգրաֆ TOMEY

- Նոր սարքի շնորհիվ կենտրոնն ավելի գրավի՞չ է դարձել նաև արտասահմանցի պացիենտների համար:

- Արտասահմանից բավականին շատ պացիենտներ ունենք, ընդ որում, հիմնականում արտասահմանում բնակվող հայերն են: Արտերկրում նման վիրահատությունն անհամեմատ ավելի թանկ արժե:

- Մասնագետներն արդեն հասցրե՞լ են վերապատրաստվել. նոր սարքը հավանաբար կպահանջի համապատասխան գիտելիքներ:

- Այո, դա անպայման կազմակերպվում է: Անցյալ տարի վերապատրատում եմ անցել Մոսկվայի Էքզիմեր կլինիկայում և Գեմ Գոլցի անվան Ակնաբուժական կենտրոնում: Մեզ մոտ մասնագետները մշտապես վերապատրաստվում են, այլապես նոր տեխնիկան լիովին արդյունավետ լինել չի կարող:

- Ի՞նչ տենդենցներով է փոխվում աչքի հիվանդությունների վիճակագրությունը վերջին շրջանում:

- Հատկապես երիտասարդներն ավելի պահանջկոտ են դարձել սեփական առողջության, արտաքին տեսքի նկատմամբ: Եթե նախկինում, ունենալով լավ տեսողություն, թեթև գանգատի համար եզակի դեպքերում էին դիմում ակնաբույժին, այսօր անհամեմատ շատ են: Բարձրացել է հասարակության առողջապահական գիտակցությունը, մեծացել է կարճատեսություն, հեռատեսություն ունեցող հիվանդների հոսքը, որովհետև կյանքն ավելի լարված է դարձել՝ պայմանավորված, օրինակ, համակարգչից օգտվողների, մեքենա վարողների քանակով:


Դիոդ լազեր IRIDEX


Հավաքական օպտիկական բիոմետր
WaveLight OB 82


Դիոդ լազեր Alcon SL 1000

- Աչքի խնդիրներից խուսափելու համար ինչպիսի՞ն է կանխարգելումը:

- Առաջին հերթին, իհարկե, ճիշտ կառուցել աշխատանքային օրը: Դա վերաբերում է հատկապես այն մարդկանց, ովքեր ամբողջ օրը գրում են, կարդում, համակարգչի առջև են: Անկախ նրանից՝ մարդն ունի որևէ խնդիր, թե ոչ, ցանկալի չէ ժամերով նստել համակարգչի առջև. պետք է հանգստանալու հնարավորություն տալ աչքերին: Հարկավոր է խուսափել կարդալ վատ լուսավորության պայմաններում: Խորհուրդ է տրվում նաև պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին:



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting